Մարուքյան․ Եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգայի՞ն չենք

Մարուքյան․ Եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգայի՞ն չենք

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ազգային ուժ փնտրողներին, նշել է, որ վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է։

«97% հայերով բնակեցված տարածքում արդյո՞ք տարօրինակ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը, հռչակվելը կամ թախտին նստած դրան սպասելը։ Ի՞նչ է նշանակում ազգային. եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգայի՞ն չենք։

Երբ ասում ենք` եկեք կոռուպցիայի դեմն առնենք կամ հետաքննենք պատերազմի ձախողումները, դա ազգայի՞ն չէ։Մենք վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է»,-գրել է նա։ Մարուքյանը նշել է նաև, որ ազգային է ցանկացած քայլ, որը միտված է Հանրապետությունն ամրապնդելուն և հայկական պետականությունը կայացնելուն։

«Եթե դուք զուտ ազգայինը (էթնիկականը) պետությունից բարձր եք դասում, ապա վերջում կորցնում եք պետականությունը և շարունակում զբաղվել ազգապահպան ու հայապահպան միջոցառումներով, բայց արդեն այլ պետությունների տարածքում։

«Ազգային» բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային, բայց Հայաստանի շահերի պաշտպանությունն արդեն իսկ ինքնին ազգային է և դա պարզ ու նույնիսկ պարզունակ ճշմարտություն է։ Մեծ հաշվով` ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են, իսկ մյուսները՝ ապազգային։ Սա իհարկե ընդամենը դեմագոգիա է ու պոպուլիզմի մի դրսևորում»,-ասվում է գրառման մեջ։

Նշված է նաև, որ բոլոր այն գաղափարախոսություններն ու ուժերը, որոնք գործում են Հայաստանում և հանուն Հայաստանի, արդեն իսկ ազգային են, և դա չի կարող լինել միայն մեկի մենաշնորհը։

«Վերջապես պետք է հասկանանք, որ մենք այլևս օսմանյան հպատակներ չենք և քաղաքացիներն ենք անկախ պետության։ Պետք է հստակ ամրագրենք, որ եկել է հասունանալու և պետություն ունեցող ու պետություն կառուցող ազգ դառնալու ժամանակը, քանի որ դա է հայկական պետականության շարունակական գոյության գրավականը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---