ՀՀ նախագահը պետայցով կմեկնի Իտալիա. Հռոմում է նաև Գարեգին Բ-ն

ՀՀ նախագահը պետայցով կմեկնի Իտալիա. Հռոմում է նաև Գարեգին Բ-ն

PanARMENIAN.Net - Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով կմեկնի Իտալիա: ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: Հռոմ է մեկնել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեգին Երկրորդը։

Իտալիայի նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում, նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:

Հանդիպումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:

ՀՀ և Իտալիայի նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

Իր հերթին, Գարեգին Բ-ն Հռոմում կմասնակցի Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։

Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, այլ բարձրաստիճան հոգևորականներ։

Համաժողովին և միջեկեղեցական աղոթքին իր մասնակցությունը կբերի նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---