«Հայաստան». Ապօրինաբար ու փաստացի սահմանազատում է արվում` հայ ժողովրդից թաքուն

«Հայաստան». Ապօրինաբար ու փաստացի սահմանազատում է արվում` հայ ժողովրդից թաքուն

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը, անդրադառնալով ՀՀ հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս` ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում։

Նշվում է, որ դաշինքն ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում է Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ:

«Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում: ՀՀ ապիկար իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքը միջադեպերի վերաբերյալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպեսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:

Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում: Նաև պատասխանեն, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից:

«Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասում է, որպեսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդես գա հերթական դեմագոգիկ բացատրությա՞մբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ, նշել են ՊՆ-ից:

Նոյեմբերի 14-ի՝ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Նշվել է նաև, որ սոցիալական ցանցերում նոյեմբերի 14-ին տարածվող տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սահմանային հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---