Նազարբաևի կոչը՝ համախմբվել Տոկաևի շուրջ. Տեղի բիզնեսը մոտ $200 մլն-ի վնաս է կրել

Նազարբաևի կոչը՝ համախմբվել Տոկաևի շուրջ. Տեղի բիզնեսը մոտ $200 մլն-ի վնաս է կրել

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել երկրի բոլոր բնակիչներին համախմբվել գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ հաղթահարելու համար ճգնաժամը և ապահովելու երկրի ամբողջականությունը։ Այդ մասին հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղարը։

Նշվում է, որ Նազարբաևը երկրի մայրաքաղաք Նուրսուլթանում է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Նուրսուլթան Նազարբաևը հեռացել է երկրից և գտնվում է Չինաստանում։

«Խնդրում ենք չտարածել կեղծ և շահարկումների տեղիք տվող տեղեկատվություն։ Նազարբաևը մի շարք խորհրդակցական հանդիպումներ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ»,-գրել է նրա ներկայացուցիչը Twitter-ի միկրոբլոգում։

Նշվում է նաև, որ Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել «բարեկամ երկրների ղեկավարների հետ»։

Ալմաթիում, որտեղ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, անկարգությունների ժամանակ հրազենային վիրավորումից 11-ամյա երեխա է մահացել։ Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արուժան Սաինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երեխան ընտանիքի հետ դուրս էր եկել զբոսանքի։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին։

Բացի այդ, երկրում բիզնեսին հասցված վնասը կազմում է ավելի քան 88.1 մլրդ տենգե (մոտ 200 մլն դոլար): Ընդհանուր տուժել է 920 բիզնես սուբյեկտ, որոնցից 856-ը՝ միայն Ալմաթիում:

Ղազախստանի գործող նախագահը հունվարի 10-ը սգո օր է հայտարարել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---