CNN-ը, BBC-ն, CBS-ը, ABC-ն և Bloomberg-ը դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում

CNN-ը, BBC-ն, CBS-ը, ABC-ն և Bloomberg-ը դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում

PanARMENIAN.Net - CNN, BBC, CBS, ABC և Bloomberg միջազգային լրատվականները և գործակալությունները դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում։ Այդ քայլը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մի քանի օրենքների ստորագրման հետ, որոնք «ուղղված են խոսքի ազատության հետագա սահմանափակմանը Ռուսաստանում»։

Դա կապված է ՌԴ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների հետ, որոնք արգելում են ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածել և որի համար մինչև 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։

ՌԴ Պետդուման քրեականացրել է ռուսական բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը։ Եթե ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի շրջանակում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը 10 տարի ազատազրկումն է։

Եթե ոչ հիմնավոր տեղեկատվության տարածումը ծանր հետևանքների է հանգեցնում, ապա պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման։

«CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում, մենք դեռևս շարունակում ենք գնահատել իրավիճակն ու մեր հետագա գործողությունները»,- ասել է ամերիկյան գործակալության ներկայացուցիչը, հայտնում է Deutsche Welle-ն։

«Օրենսդրական փոփոխությունները, կարծես, քրեականացնում են անկախ լրագրությունը։ Դա այլ ընտրություն չի թողնում՝ ստիպված ենք կասեցնել BBC News-ի բոլոր լրագրողների և օժանդակ անձնակազմի գործունեությունը ՌԴ-ում, քանի դեռ գնահատում ենք այդ անցանկալի շրջադարձի բոլոր հետևանքները»,-ասել է իր հայտարարության մեջ BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դևին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---