«5165» շարժում․ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է

«5165» շարժում․  Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - «5165» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։

«Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։

Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։

Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։

«Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․

Մենք պետք է հասկանանք, որ ամբողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Փաշինյանի ելույթին, գրել է, որ վարչապետին կանգնեցնել է պետք։

«Այս մարդուն/մարդկանց թվում է, թե միջազգային հանրություն ասվածին պետք է դուր գալ փափուկ լինելով, ամեն հարցում հարմարվողականություն ցուցաբերելով, սեփական իրավունքները ինչ-որ պաթետիկ խաղաղության դիմաց զիջելով։

Այս մարդը կարծում է, որ խաղաղության մասին անդադար խոսելով, տարածքային զիջումների գնալով կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել։

Միջազգային հանրության հետ տասնամյակներ շարունակ վատ աշխատելով, Ռուսաստանի կցորդը լինելով՝ վերջում ասել, թե միջազգային հանրությունը մեր օգտին չի դիրքավորված, ներողություն, բայց տկարության մասին խոստովանություն է։

Խորհուրդս Փաշինյանին. հրապարակային խոստովանությունների շարք սկսեք, ասեք, թե Ռուսաստանի կողմից ի՞նչ ճզմիչի տակ եք եղել, պատերազմից առաջ և հետո, ի՞նչ են պարտադրել, նախկին իշխանությունների պայմանավորվածությունները գաղտնազերծեք ու հրաժարական տվեք. այդ աթոռը պետության համար պայքարողի աթոռն է։

Հ.Գ. հայրենակիցնե՛ր, պատրաստվե՛ք ինքնապաշտպանության, մենք գոյության կռիվ ունենք տալու»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---