Գաբրիել Սարգսյան. Անգամ այս հաղթանակի մեջ Արոնյանը մեծ ներդրում ունի

Գաբրիել Սարգսյան. Անգամ այս հաղթանակի մեջ  Արոնյանը մեծ ներդրում ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը, որը Լևոն Արոնյանի` ԱՄՆ տեղափոխվելով պայմանավորված առաջին անգամ ստանձնել էր հավաքականի ավագի դերը, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ անգամ այս հաղթանակի մեջ Արոնյանը մեծ ներդրում ունի։

«Իհարկե, մեծ կորուստ է մեզ համար, որ Լևոնը չկա, բայց անգամ այս մեր հաղթանակի մեջ նա մեծ ներդրում ունի։ Նա ամեն անգամ պարապել է մեզ հետ, ամեն ուժեղ շախմատիստի մեջ ինքը ներդրում ունի։ Բնականաբար, իր բացակայությունը զգացվում է ու հատկապես զգացվում էր մրցաշարին պատրաստվելու ժամանակ», - ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Սարգսյանը նշել է նաև, որ ուրախ է շախմատային օլիմպիադայում արծաթ նվաճելու համար, բայց ուրախության մեջ տխրություն էլ կա։

«Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ Հայաստանը շախմատային երկիր է, այդ առումով, իհարկե, ուրախ ենք։ Բայց մենք շատ մոտ էինք չեմպիոնության, բավականին բարձր միավորներ ունեինք, որոնցով նախորդ տարիներին անգամ ոսկի են նվաճել։ Բոլորս ցավ ապրեցինք ոսկի չնվաճելու համար», - ասել է նա։

Սարգսյանն առաջին անգամ էր հավաքականում խաղում առաջին տախտակին, և խոստովանում է՝ իրենից չէր սպասում այդքան շատ հաղթանակներ։

«Ես մտածում էի՝ գոնե չպարտվեմ, բայց ստացվում էր հաղթելը։ Դե դժվար է առաջին տախտակ լինելը, կան թիմեր, որ ուժեղ չեն, բայց իրենց առաջին տախտակի շախմատիստն ուժեղ է։ Ուզբեկստանի ու Հնդկաստանի առաջին տախտակների խաղացողներն էին շատ ուժեղ, Մագնուսն էլ էր խաղում (Նորվեգիայի հավաքական, աշխարհի չեմպիոն - խմբ)», - ասել է Սարգսյանը։

Գաբրիել Սարգսյանն ընդգծել է, որ նման հաղթանակներն էլ ավելի են զարգացնում երկրում շախմատը և շախմատի հանդեպ ջիղը։

«Մինչև Տիգրան Պետրոսյանի ի հայտ գալը, Հայաստանում շատ քիչ էին խոսում շախմատից։ Հետո նա չեմպիոն դարձավ, Ռաֆայել Վահանյան ունեցանք, Լևոն Արոնյան։ Նրանք բոլորը ոգևորում էին մեր ժողովրդին, որ իրենց երեխաներին տանեին շախմատի դպրոց, նոր ուժեղ շախմատիստներ ունենայինք», - ասել է Սարգսյանը։

Հնդկաստանում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Կանանց հավաքականը 16 միավորով 12-րդ տեղն է զբաղեցրել:

Ընթերցեք նաև․ Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է․ Շախմատի տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---