ՀՀ ԱԳՆ․ Երախտագիտություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, ՀՀ-ում և ԼՂ-ում բարձր ենք գնահատում ՌԴ գործուն քայլերը

ՀՀ ԱԳՆ․ Երախտագիտություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, ՀՀ-ում և ԼՂ-ում բարձր ենք գնահատում ՌԴ գործուն քայլերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 29-ին նշվող ՀՀ և ՌԴ միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակի առթիվ, որը «նշանակալի կերպով նախանշեց երկու երկրի միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները»:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագիրն ուրվագծել է հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով:

«Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով:

Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: 2022թ. ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Հայաստանը մեծապես արժևորում է եղբայրական Ռուսաստանի հետ բարեկամությունը և վճռական է էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկրների և ժողովուրդների բարգավաճման։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ և ՌԴ միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակի առթիվ, որտեղ ասվում է, որ Մոսկվան մտադիր է առաջիկայում ևս նպաստել ՀՀ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդմանը։

«Հետագայում ևս պատրաստ ենք առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---