ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ԱԺ հայտարարության մեջ չեն ընդգրկվել ընդդիմության առաջարակները

ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ԱԺ հայտարարության մեջ չեն ընդգրկվել  ընդդիմության առաջարակները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որտեղ չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները։

«Հայաստան» խմբակցությունը առաջարկում էր հետևյալ 4 կետն ամբողջությամբ ներառել ԱԺ հայտարարության նախագծում․

1. Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։

2. Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։

3. Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

4. Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է, թե ինչ առաջարկներ են հնչել խմբակցության կողմից, գրում է Panorama.am-ը։

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են։ Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունը՝ ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին, անպատիժ մնալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ նախկին ոտնձգություններից հետո, արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմական ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգնմանն ուղղված գործողությունների ու դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանք է։

Ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, տարածաշրջանային իրողություններին ու աշխարհքաղաքական զարգացումներին։ Ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Հայաստանի ու Արցախի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով»,- ընթերցել է Մամիջանյանը առաջարկությունները, որոնք ն ույնպես չեն ըն դունվեռլ։

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվել է 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

ԱԺ ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ:

Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել Զինված ուժերի շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական և կուռ պաշտպանության կարիք ունի:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում:

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններիբ բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:

Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։ ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---