Վարչապետ․ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը

Վարչապետ․ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով ՀՀ դեմ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային, զոհվածների և վիրավորների նոր թվեր է հրապարակել։

«Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։

Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։

Վարչապետը նաև անդրադարձել է հայ գերիների խոշտանգման տեսանյութերին՝ նշելով, որ ադրբեջանական կողմն ինքն է տարածել խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք:

«Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին»,-ասել է նա:

Վարչապետը նաև շեշտել է, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---