Գրիգորյան․ Դժվար է շարունակել բանակցել ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում

Գրիգորյան․ Դժվար է շարունակել բանակցել ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա չմեկնելու պատճառներին, ասել է, որ հայկական կողմը չի մասնակցել հանդիպմանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառով։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Գրիգորյանը նշել է, որ վերջին 2 տարում, 44-օրյա պատերամից հետո ընթացող բանակցություններում, հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, սակայն «դժվար է շարունակել բանակցությունները ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում»։

Նա հավելել է, որ Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կարող է ստեղծվել։

«Լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա․ Մեր ամբողջ քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են Լաչինում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը համակարգելու համար»,– ասել է ԱԽ քարտուղարը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. Getty Images
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---