ՀՀԿ-ն պահանջում է Փաշինյանից հրապարակել բոլոր խոստումները, որոնք տրվել են ՀՀ և Արցախի ժողովրդի անունից

ՀՀԿ-ն պահանջում է Փաշինյանից հրապարակել բոլոր խոստումները, որոնք տրվել են ՀՀ և Արցախի ժողովրդի անունից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Արցախի շրջափակման կապակցությամբ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ԱՀ-ին և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից «հրապարակել բոլոր խոստումները, որոնք տրվել են ՀՀ և Արցախի ժողովրդի անունից»:

«Խորապես անհանգստացած լինելով Արցախում օրեցօր ավելի նկատելի դարձող հումանիտար ճգնաժամի, կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ կապի, էներգամատակարարման և հաղորդակցության միտումնավոր խափանումների ծանր հետևանքներով,

Համոզված լինելով կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու և հայրենազրկելու՝ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության մեջ,

Արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն ստորագրած կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանք է,

Ողջունելով Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու, Ադրբեջանի կազմից դուրս ազատ ապրելու և միջազգայնորեն սահմանված իր ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռական կամքն ու պատրաստակամությունը,

Դատապարտելով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կրավորական կեցվածքը և արցախահայության ճակատագրի հանդեպ Հայաստանի ստանձնած պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը,

Կարևորելով ՌԴ խաղաղարար կոնտինգենտի կողմից իրականացվող առաքելությունը,

Խորապես մտահոգված լինելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի՝ Հայաստանի անվտանգային համակարգն ու նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ և վնասարար հայտարարություններով.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

Իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին: Դիմելով այս օրերին անասելի դժվարությունների ու զրկանքների միջով անցնող Արցախի մեր հայրենակիցներին՝ ցանկանում ենք ընդգծել, որ.

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպես Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, անվերապահորեն և հետևողականորեն սատարում է ձեզ՝ պատմական հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար պայքարի ճանապարհին: Այդ պայքարը եղել և մնում է համայն հայության պայքարը՝ անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից ու գործելաոճից:

Վստահեցնում ենք, որ մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու այն ուղուց, որ որդեգրել ենք ավելի քան երեք տասնամյակ առաջ և հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդի միասնական կամքն արտահայտող ՀՀ Անկախության հռչակագրի տառին ու ոգուն, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, որ ի թիվս կարևոր մի շարք դրույթների, սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

-Անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները:

-Շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ծառայության համար, միաժամանակ՝ ընդգծում, որ խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար ակնկալում է իրավիճակից բխող վճռական որոշումներ և հստակ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերի անվերապահ կատարումը,

-Կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների՝ գրավոր, թե բանավոր, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը,

-Հորդորում է ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակում գերտերությունների միջև ծավալված պայքարում արկածախնդրորեն վտանգի ենթարկելու, այլևայլ շահերի ծառայեցնելու և այդկերպ սեփական խղճուկ իշխանությունը պահելու ազգադավ քաղաքականությունը,

-Պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո,

-Վստահեցնում է, որ շարունակելու է աշխատանքներն իր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և Արցախի հարցի շուրջ լիարժեք, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելով, ինչպես նաև խրախուսելով համապատասխան միջազգային ինստիտուտներում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դատապարտումը,

-Պահանջում է, որպեսզի գործող իշխանությունները լիարժեք իրականացնեն Արցախի անվտանգության երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության պարտականությունը:

-Անթույլատրելի է համարում Արցախի առկա անվտանգային մեխանիզմների սողացող ապամոնտաժումը կամ հարվածի տակ դնելը` մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումը:

-Կարևորում է ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտի վերագործարկման անհրաժեշտությունը և համանախագահ երկրների առավել արդյունավետ ներգրավվումը առկա ճգնաժամի հանգուցալուծման գործում»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---