Գերմանիայի ԱԳ նախարար․ Կարևոր է, որ Լաչինը բացվի՝ Ադրբեջանը և ՌԴ-ն պետք է կատարեն իրենց պարտավորությունները

Գերմանիայի ԱԳ նախարար․ Կարևոր է, որ Լաչինը բացվի՝ Ադրբեջանը և ՌԴ-ն պետք է կատարեն իրենց պարտավորությունները

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական բարդ կացությունը հակամարտության տխուր հետևանքներից մեկն է:

«Կարևոր է, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակումն ավարտվի, և կարծում ենք, որ այստեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է կատարեն իրենց պարտականությունները։ Շրջափակմանը պետք է վերջ տրվի»,- ընդգծել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, գրում է Factor.am-ը:

Նա արձանագրել է, որ դեկտեմբերի կեսերից արգելափակված է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների պակաս կա: Նա նաև ընդգծել է, որ էներգամատակարարման և գազամատակարարման խափանումների պատճառով Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է կրթական հաստատությունների աշխատանքը:

«30 տարուց ավել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կա, որը մեծ աղետների է հանգեցրել: Բազմաթիվ մարդկային կյանքեր են կորսվել, բազմաթիվ տներ և շինություններ են ավերվել: Մենք գիտենք, որ առկա վերքերը շուտ չեն բուժվելու»,- նշել է Բերբոքը:

Բերբոքը կարևորել է Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, որով կողմերը վերահաստատել են 1991 թվականին ընդունված Ալմաթիի հռչակագիրը՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա կարևոր որոշում է տարածաշրջանի համար:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Փետրվարի 6-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատարը, փետրվարի 7-ի երեկոյան գազի մատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---