Միրզոյանը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին․ Բաքուն առանց նախապայմանի պետք է վերականգնի Լաչինում սահմանված ռեժիմը

Միրզոյանը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին․ Բաքուն առանց նախապայմանի պետք է վերականգնի Լաչինում սահմանված ռեժիմը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը, շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:

Դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարարին։

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։

Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---