Արագածի լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական ավան կստեղծվի․ $190 մլն կներդրվի

Արագածի լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական ավան կստեղծվի․ $190 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի։ Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ծրագիրը կընդգրկի Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Արագած և Վարդենուտ գյուղերի շրջակայքում կստեղծվի նոր ավան համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ու ամառային և ձմեռային հանգստավայրով:

Նշվել է, որ կառուցվելու էմոտ 30 կմ սահուղի, Միջազգային լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի (FIS) ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային կանգառներ:

«Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղային 5 գծով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1112 նոր աշխատատեղ:

Քերոբյանն ասել է, որ ստեղծվելիք համայնքը օրինակելի կլինի բարձադիր գոտում ինքնաբավ և կայուն ապրելու հնարավորության տեսակետից:

«Կլիմայական այս փոփոխությունները բերում են նրան, որ ավելի ցածրադիր գոտիներում ապրելը դժվարանալու է, Հայաստանի տարածքների մեծ մասը բարձրադիր գոտիներում է և կարիք կա այսպիսի մոդելային միջավայրեր ստեղծել»,-ասել է նա

Անդրադառնալով ծրագրին՝ փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրա գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Ըստ փոխվարչապետի՝ եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց:

Ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռևս 2018–ի նոյեմբերին, 2020–ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն, քովիդով, պատերազմով, նաև մրցակցային այլ ծրագրերով պայմանավորված հետաձգվել է, իսկ 2021-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---