Միրզոյանն՝ ԱՊԼ նիստում․ Ադրբեջանը մանիպուլացնում է և փորձում կրոնական երանգ հաղորդել ԼՂ հիմնախնդրին 9 մարտի 2023 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի նախարարական մակարդակով 159-րդ նիստում գոհունակություն է հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ պատմության ամբողջ ընթացքում նրանք ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը: Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներն ու ակնկալիք հայտնել, որ նման փորձերը կմերժվեն և բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Միրզոյանը հավելել է, որ պետք է կանխել բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ։ «20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ հազարավոր հայեր, փրկվելով 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան արաբական երկրներում: Այդ դժվարին ժամանակահատվածում հայերին հնարավորություն տրվեց ապրել և արարել իրենց հյուրընկալած արաբական երկրներում: Այս վերաբերմունքը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան տարբեր բնագավառներում այդ արաբական երկրների առաջընթացի և զարգացման գործում: Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանը, հանդիսանալով հին քաղաքակրթությունների բնօրրան, պահպանել է նաև իսլամական ժառանգությունը, ինչի վառ օրինակն են այն հազարավոր ձեռագրերը, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք հպարտորեն պահպանում և ցուցադրում ենք արաբական ձեռագրեր, որոնք ներառում են արաբական գեղագրության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սուրբ Ղուրանի առաջին գրերը, կրոնական, փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական բովանդակության հազվագյուտ գրքերը: Հայաստանը և արաբական երկրները սերտ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ: Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով: Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ լայնածավալ ագրեսիաներին մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը, կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները»,-ասել է նա։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |