Տեր-Պետրոսյան․ ՔՊ-ն պարտավոր է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը նախաձեռնել

Տեր-Պետրոսյան․ ՔՊ-ն պարտավոր է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը նախաձեռնել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ազգային խայտառակություն» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

«Որքան էլ փորձեցի ինձ զսպել, այնուամենայնիվ չկարողացա չանդրադառնալ երկու օր առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպին։ Մի երիտասարդ փողոցում տեսնելով թիկնապահներով շրջապատված ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան բարձրաձայն անվանել է «դավաճան»։ Սիմոնյանը, հանգիստ ճեղքելով թիկնապահների շղթան, «հուշիկ քայլերով» մոտեցել է երիտասարդին ու լիաբերան թքել նրա երեսին, ինչն, ի դեպ, նա հպարտությամբ հաստատել է դեպքից հետո տված իր պարզաբանումներում։

Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է և միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։

Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանը, մանավանդ որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության և պրոպագանդայի անսահմանափակ միջոցների։

Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ Կարող է զարմանալի թվալ, եթե, օրինակի համար, հիշեցնեմ, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել նույնիսկ ԱՄՆ-ի այնպիսի ականավոր նախագահներ, ինչպիսիք էին Ռուզվելտը՝ Արևելյան ևրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար, Տրումենը՝ Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար և Քլինթոնը՝ Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար։ Նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին։

Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային Ժողովը, և, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը։

Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին տարածել սույն հոդվածը, իսկ մեր ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը, ընդ որում ոչ ամենևին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով»,-ասվում է հոդվածում։

Ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու երեսին։Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ԱԽ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցնում։ «Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»,-գրել է Սիմոնյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---