Աջապահյան․ Բաքուն ռազմական գործողություն է արել, ՊՆ-ն անգործություն է դրսևորում, ժողովուրդը՝ բավարարվում դրոշ այրելով՝ ձեր դրոշ վառելն ո՞ւմ է պետք

Աջապահյան․ Բաքուն ռազմական գործողություն է արել, ՊՆ-ն անգործություն է դրսևորում, ժողովուրդը՝ բավարարվում դրոշ այրելով՝ ձեր դրոշ վառելն ո՞ւմ է պետք

PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրման Լաչինի միջանցքում, նշել է, որ այն, ինչ ապրիլի 23-ից կատարվում է Արցախում և նրա շուրջ, որևէ բանական մեկնաբանության ենթակա չէ, թերևս միայն մեկ բնորոշում կարելի է տալ՝ սա ինքնասպանություն է, որի «հիմնական և առաջին մեղավորն ու պատասխանատուն, իհարկե, օրվա իշխանությունն է»։ Այդ մասին նա ասել է «Փաստինֆոյին» տված հարցազրույցում։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն է իրականացրել` փակելով Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որից հետո հայտարարել, թե այնտեղ հսկիչ- անցագրային կետ են տեղակայել:

«Սակայն այս ամենը միայն նրանց տոտալ անտարբերության և ամենաթողության արդյունքում չեղավ, այլ նաև մեր հասարակության մեղավորության պատճառով, որ այդպես էլ ի վիճակի չեղավ իր համար առաջնորդ ծնելու։ Մյուս կողմից, եթե հասարակությանը չի հաջողվում առաջնորդ գտնել, նշանակում է՝ եղածները նրա առաջնորդը չեն»,-հավելել է նա։

Սրբազանն անթույլատրելի է համարում այն իրողությունը, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն է կատարել՝ սպառնալով էթնիկ զտմամբ, ՊՆ-ն անգործություն է դրսևորում, ժողովուրդը բավարարվում է դրոշ այրելով: այրում…

«Ձեր դրոշ վառելն ո՞ւմ է պետք։ Քանի դեռ մենք իրական պայքարը փոխարինում ենք այսպիսի սենտիմենտալ հիմարություններով, մեր վիճակն այս է լինելու»,- ասել է սրբազանը։

Աջապահյանը նկատել է՝ ո՞վ էր տեսել, որ Հայոց ցեղասպանության հենց նախօրեին, թշնամին իրեն որևէ տեսակի սադրանք թույլ տար։

«Ընդհակառակը, ամեն տարի այս օրերին թշնամին իրեն ընդգծված զուսպ էր պահում, որևէ տեսակի գրգռում թույլ չտալու համար։ Այն, ինչ կատարվեց երեկ՝ հենց տարելիցի նախօրեին, Արցախի տոտալ շրջափակման տեսքով, որ, ըստ էության, իրենից ռազմական գործողություն է ներկայացնում, լկտիության ակտ էր, որ իր հերթին, օրվա այս իշխանությունների ամենաթող, կամազուրկ վարքի հետևանք է»,- ասել է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հարցին՝ որո՞նք են լինելու ժողովրդի հստակ քայլերը՝ փրկելու համար արցախցի մեր հայրենակիցների կյանքն ու պաշտպանելու Արցախի և ՀՀ վտանգված սահմանները, սրբազանն ասել է, որ հրատապ իշխանափոխությունն է, որն, իր հերթին, կբերի նաև Պաշտպանության նախարարության անթույլատրելի այս աշխատաոճի փոփոխության, որովհետև, ըստ վերջինիս, այն, ինչ կատարվում է այսօր Արցախում և ՀՀ սուվերեն տարածքում, մեծ իմաստով, հենց, բանակի հանցավոր բացթողման հետևանք է, որի քայլերն, իհարկե, թելադրված են օրվա ազգադավ իշխանության պահանջով։

«Ըստ էության, հայկական բանակ, կարելի է ասել չկա, գոյություն չունի, մեր բանակը լուծարված է, այլապես՝ մեր սահմաններին և Արցախում այս գոյաբանական խնդիրը չէր առաջանա։ Հասկանո՞ւմ եք՝ թշնամին այնտեղ Արցախի սահմանն է փակել, զրկելով մեր հայրենակիցներին տարրական պաշտպանության միջոցներից, ըստ էության, պատանդառության վերցրելով 120,000 քաղաքացիների, Պաշտպանության նախարարությունը լուռ անգործության մեջ է։ Սա պետական հանցագործություն է։ Մյուս կողմից էլ նայում ես ժողովուրդն՝ նրանք այստեղ բավարարվում են դրոշ այրելով։ Ի վերջո ե՞րբ է մեր մեջից իսպառ արմատախիլ արվելու այդ զգացմունքային սենտիմենտալիզմը»,- ասել է նա։

Աջապահյանը նշել է նաև, որ մշտապես հիացել և հպարտացել է Արցախի հայրենակիցներով, հիանում և հպարտանում է նաև այսօր և ապագայում, նույնպես, իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ չի փոխվելու։

«Այն տոկունությունն ու կամքի դրսևորումը, որ ցուցաբերում են մեր հայրենակիցներն Արցախում, աներևակայելի է։ Ցավում եմ, իհարկե, որ մեր հայրենակիցները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որովհետև ես արցախցուն հայաստանցուց չեմ տարբերում։ Մենք բոլորս միևնույն մարմնի մասն ենք։ Ինչպես որ Ավետարանն է ասում՝ երբ մարմնիդ մի հատվածը ցավում է, ցավում է ամբողջ մարմինը։ Մինչդեռ, մենք մի բռունցք դարձած, պետք է պայքարեինք՝ դիմակայելու այս արհավիրքին, որ Ցեղասպանությունից 108 տարի անց, կրկին չոքել է մեր դռանը»,-ասել է սրբազանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---