Քաղաքագետ․ Երևանն, առանց որևէ դիվիդենտ ստանալու, լեգիտիմացրել է Բաքվի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Քաղաքագետ․ Երևանն, առանց որևէ դիվիդենտ ստանալու, լեգիտիմացրել է Բաքվի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն, անդրադառնալով մայիսի 14 –ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանն, առանց որևէ դիվիդենտ ստանալու, պարզապես լեգիտիմացրել է Բաքվի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Նա նաև նշել է, որ միամտություն է մտածել, որ մոտ ապագայում ադրբեջանական զորքերը կարող են հետ քաշվել ՀՀ տարածքից։

«Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր հանրությունը չի լսում կամ չի ցանկանում լսել, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ չի հետևում, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվում։

Ընկերներ, դուք Պրահայի փաստաթուղթը չե՞ք կարդացել։ Դուք Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները չե՞ք լսել այն մասին, որ եթե Բաքուն ճանաչի Հայաստանի 29,800 քառակուսի կմ տարածքը, Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Ամիսներ շարունակ դա է ասում։ Ու հիմա Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հանդիպման ընթացքում կրկին բարձրացրել է այս հարցը։ Ալիևը երևի համաձայնություն է տվել, ինպես Պրահայում էր տվել։

Սա իշխանությունները, իհարկե, հերթական անգամ ներկայացնելու են որպես ձեռքբերում։ Այնուամենայնիվ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տարածքային նկրտումներ ցուցաբերելով, Ադրբեջանը նպատակ էր հետապնդում հասնել հենց այն արդյունքին, որը արձանագրվել էր Պրահայում։ Երկու տարի հետո Երևանը ոչ միայն ընդունում է Բաքվի պահանջը, այլև ձեռքբերում է ներկայացնում այն, որ Բաքուն է պատրաստ կատարել իր իսկ պահանջը։

Բայց գործնականում, իհարկե, այն գործողությունները, որոնք Երևանը ակնկալում է Բաքվից, կյանքի չեն կոչվելու։ Միամտություն է մտածել, որ մոտ ապագայում ադրբեջանական զորքերը կարող են հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։

Մի խոսքով, այս գործընթացի մեջ ներգրավվելով, Երևանը առանց որևէ դիվիդենտ ստանալու պարզապես լեգիտիմացրել է Բաքվի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Հ․Գ․ Իրականում Բրյուսելի հանդիպման գլխավոր արդյունքը կարելի է համարել երկաթգծի բացման հարցով որոշակի առաջընթացը։ Հենց այս օրակարգն էր վերջին շրջանում բոլոր միջնորդների ուշադրության կենտրոնում։ Հուսանք, գերիների նոր խմբի վերադարձ էլ կլինի։ Այլ թեմաներով էական նորություններ չկան»,-ասվում է գրառման մեջ։

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---