Արսենյանն Արցախը համեմատել է Գլենդեյլի հետ․ «Այնտեղ էլ են հայեր ապրում»

Արսենյանն Արցախը համեմատել է Գլենդեյլի հետ․ «Այնտեղ էլ են հայեր ապրում»

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով Արցախի ճակատագրի վերաբերյալ լրագրողների հարցին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումը և պաշտպանությունն է։

«Արցախում ապրում են հայեր, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում ու Գլենդելում, Ավստրալիայում էլ են ապրում հայեր։ Մեր պետական պաշտոնյաների ու պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը և պաշտպանությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունն է»,–ասել է Արսենյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` միշտ չէ, որ պետական շահերի սպասարկումը համընկում է ազգային շահերի սպասարկման հետ, և այս պարագայում պետք է առաջնությունը տալ պետական շահերին։

«Այս պատմական ժամանակահատվածում երկընտրանքի առջև ենք կանգնած, երբ որ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար, որովհետև, երբեմն, ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկում հայերի ազգային շահերի ալգորիթմին»,–նշել է Արսենյանը։

ՔՊ–ական պատգամավորը նաև հայտարարել է, որ լիակատար աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը և խաղաղության օրակարգը ավարտին հասցնելու ձգտումներին

«Մեր քաղաքական թիմը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անում է այն, ինչ ճիշտ է ՀՀ–ի համար»,–ընդգծել է նա։

Արսենյանն էլ չի վիճարկում, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված բարդություններ է առաջացրել։

«Դրա համար բանակցություններում արծարծվում է արցախահայության կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված երաշխիքների հարցը, չնայած դեռևս Ադրբեջանը ընդառաջ քայլ չի արել այդ քննարկումներին»,–հավելել է իշխանական պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ նախընտրական ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստում կար, Արսենյանը արձագանքել է, որ այն այդ պահին դա իրենց ցանկությունն ու փափագն էր, բանակցություններում փորձում են առաջ տանել արցախցիների իրավունքի հարցը, իսկ այսօր իրականությունն այլ է և չպետք է դիմել արկածախնդրությունների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---