Վարդանյան․Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը

Վարդանյան․Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը

PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը` հայտարարելով, որ եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը։

Անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Վարդանյանն այն տապալված է որակել։

«Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր»,-ասել է նա։

Այն հարցին, թե Բրյուսելում, Երևանում հնչած հայտարարություններից հետո սպասո՞ւմ էր, որ Մոսկվայում այլ հայտարարություն կհնչի, Վարդանյանը պատասխանել է, որ քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։

«Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել ենք բանակցությունները»,-ասել է նա։

Խոսելով վարչապետի մայիսի 22-ի հայտարարության մասին՝ Վարդանյանն ասել է․ «Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝ ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար և ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները և այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ, և երբ ընտրվել է 2021-ին։ Ես նորից եմ ասում, որ նրա որոշումով չպետք է լինի, ինքն արդեն ասել է բանաձևը՝ առանց մեր ժողովրդի, մեր իշխանության դիրքորոշման ոչ մի բան չի կարող ստորագրել»:

Վարդանյանը նաև ասել է, որ բացի հայտարարություններից պետք են քայլեր, ՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին:

«Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավաքխում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում»,-ասել է նա։

Այն հարցին, թե գործողություններ ակնկալում է Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից՝ Վարդանյանը պատասխանել է, որ և Արցախում, և Հայաստսնում:

«Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երևի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, և իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ և ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը»,-ասել է նա։

Հնչել է հետևյալ հարցը․«Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի»։

«Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետևանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձևը գտնենք: Քաղաքականության մեջ, այո, հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ, բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետև եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետևանքները․․․ Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիևը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա»,-պատասխանել է Վարդանյանը։

Այն հարցին, թե կանգնեցնելու տարբերակներ տեսնո՞ւմ է, նախկին պետնախարարը դրական է պատասխանել։

«Այո՛, ժողովրդի և իշխանության միասնական դիրքորոշումը, որ դա չի ընդունվելու մեր կողմից և համախմբումն այդ գաղափարի շուրջ: Դա նշանակում է, որ մենք չպետք է թույլ տանք ու դա անպայման իրագործվի քայլերով»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---