Պետրակով․ Լատվիայի հետ շատ ծանր խաղ է լինելու՝ նախապես ասել եմ տղաներին

Պետրակով․ Լատվիայի հետ շատ ծանր խաղ է լինելու՝ նախապես ասել եմ տղաներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի հետ հանդիպմանն ընդառաջ նախախաղային ասուլիսում ասել է, որ Լատվիայի հավաքականը շատ լավ, հավասարակշռված, կարգապահ թիմ է։

Հունիսի 19-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի «D» խմբի ետնապահ Լատվիայի ընտրանուն, որն անցկացրել է երկու խաղ, կրել երկու պարտություն և զրո միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

«Ես վաղուց Լատվիայի այսպիսի հավաքական և մարզչի այսպիսի լավ աշխատանք չէի տեսել։ Այնպես որ, վաղը շատ ծանր խաղ է լինելու։ Ես այս մասին նախապես ասում եմ իմ տղաներին։ Իսկ նրանց միավորների բացակայության մասով համարում եմ, որ նրանք արժանի չէին պարտվել Թուրքիային։ Ձևակերպենք այսպես, չստացվեց։ Ինչպես ուելսցիները, Լատվիայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են, ֆիզիկապես ամուր։ Լատվիայի հավաքականում ֆուտբոլային աստղեր չկան, սակայն թիմը պինդ է»,-ասել է նա, տեղեկացնում է Aravot.am-ը։

Պատասխանելով այն հարցին, թե նրա դենքին ե՞րբ ժպիտ կտեսնեն՝ Պետրակովն ասել է․ «Իմ դեմքին ժպիտ կլինի այն ժամանակ, երբ իմ երկրում պատերազմն ավարտվի»։

Պետրակովը պատասխանել է նաև Aravot.am-ի մյուս հարցերին՝ իրեն հաջողվե՞լ է Ուելսի նկատմամբ հաղթանակից հետո ֆուտբոլիստներին վերադարձնել մարզումային մթնոլորտ, վաղվա հանդիպմանը հավաքականի մեկնարկային կազմում փոփոխություններ նախատեսո՞ւմ է։

«Հաջողվե՞լ է թիմին տրամադրել առաջիկա խաղին, այո։ Մենք շատ ենք խոսում, ես զրուցում եմ տղաների հետ։ Նախկին խաղերի մասին ինձ ասել են, որ հայ ֆուտբոլիստները նորմալ մեկ խաղ կարող են խաղալ, երկրորդին հավաքվել չեն կարողանում։ Մեծ ռոտացիա ես այս պահին անել չեմ կարող։ Ես տեսնում եմ, որ տղաներն ուշադիր լսում են մարզչին, ինչը շատ կարևոր և հաճելի է։ Այնպես որ, վաղը կտեսնենք, թե իմ ասածները որքանով են տեղ հասել»,-ասել է նա։

Գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Ուելսի հետ հանդիպումից առաջ խնդիրներ է ունեցել «Բոկա Խունիորսում», որովհետև իր ակումբի մարզիչը չէր ցանկացել, որ նա ժամաներ ազգային հավաքական, սակայն Նորբերտոն պնդել է գալու վրա և միացել է հավաքականին»։

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Ուելսին Քարդիֆ «Քաղաքային» մարզադաշտում։ Հակառակորդի դարպասը 2-ական գոլ են ուղարկել Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---