Տիկնիզյանի գործակալ․ Իտալական ակումբների հետ չենք շփվել, բայց հետաքրքրվածության մասին տեղյակ ենք

Տիկնիզյանի գործակալ․ Իտալական ակումբների հետ չենք շփվել, բայց հետաքրքրվածության մասին տեղյակ ենք

PanARMENIAN.Net - «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդ Կլյուևը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իտալական Ա Սերիայի 2 ակումբ հետաքրքրվում է Տիկնիզյանի ծառայություններով և որ վերջինս ընդգրկված է «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում։

«Կոնկրետ «Էմպոլիի» և «Բոլոնիայի» ներկայացուցիչների հետ չենք շփվել, սակայն մենք ևս տիրապետում ենք նման ինֆորմացիայի»,-ասել է նա, գրում է Metaratings.ru-ն։

Պատասխանելով այն հարցին, թե ավելացնում է արդյոք ՀՀ քաղաքացիությունը Տիկնիզյանի հնարավոր տեղափոխման շանսերը Եվրոպա, հաշվի առնելով տիրող վերաբերմունքը ՌԴ նկատմամբ՝ Կլյուևն ասել է, որ Եվրոպա տեղափոխվելու շանսերը կարող է ավելացնել միայն Նաիրի խաղը։

Նա անդրադարձել է նաև այն դիտարկմանը, որ վերջին տարիներին Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» ամենաքննադատվող ֆուտբոլիստներից է եղել, սակայն այս գարնանը առաջատարի խաղ է ցուցադրում և որն է նման փոխակերպման պատճառը։

«Առաջարկում եմ զերծ մնալ բարձրագոչ բառերից։ Այն, որ Նաիրը խաղաշրջանի գարնանային հատվածը շատ արժանի մակարդակի վրա անցկացրեց, բոլորն են նշում, այդ թվում՝ «Լոկոմոտիվի» երկրպագուները, սակայն նշաձողը բարձր է և դրան պետք է համապատասխանել։ Նաիրը լուրջ տղա է, նա հիմա կենտրոնացած է արձակուրդից դուրս գալու և առաջընթացը շարունակելու վրա»,-ասել է Կլյուևը։

Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի կազմում Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։ Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում է կատարել, իսկ լատվիացիների հետ խաղում դարձել գոլի հեղինակ։

Նախորդ խաղաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---