Միրզոյան․ Ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները՝ կուսումնասիրենք և պատճաշ կարձագանքենք

Միրզոյան․ Ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները՝ կուսումնասիրենք և պատճաշ կարձագանքենք

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ օրեր առաջ Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրվեն և պատշաճ կերպով արձագանք կստանան՝ հայկական կողմը կներկայացնի իր առաջարկները։

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին՝ Միրզոյանն ասել է, որ որևէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ, կարիք կա նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման։

«Գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով, ըստ էության, բանակցություններ ենք ունեցել մի քանի փուլերով և կոնկրետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա ենք աշխատում։ Իհարկե, շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա և հնարավորությունների իրական պատուհան կա այս խաղաղության գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։

Ես, անշուշտ, պետք է համաձայնեմ այս պնդումների հետ. մենք, իրոք, ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների, որ մենք ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը։ Իսկապես, մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին»,–ասել է նա, հայտնում է ԱԳՆ–ն։

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կդրսևորի կառուցողականություն։

«Մենք տեսնում ենք և դրական ազդակներ, ինչպես, օրինակ՝ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, և Հայաստանը սատարեց Ադրբեջանի թեկնածությունը «‎COP 29»-ի ընտրություններում։ Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ, ես նկատի ունեմ պարբերաբար հնչող խոսքերը, կոչերը Ադրբեջանից և նաև, ասենք, բանակցություններում, օրինակ՝ բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։ Գիտենք, որ տարբեր առաջարկներ կան, բայց այդ հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Կրկնում եմ, հուսով եմ, որ այնուամենայնիվ, կառուցողականությունը կհաղթի, և այս հնարավորությունն ունենալ իրական խաղաղության պայմանագիր, երկարատև խաղաղության պայմանագիր առաջիկայում կունենանք»,–ասել է Միրզոյանը։

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---