Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Մարմնամարզության աշխարհի գավաթում, Վահագն Դավթյանը՝ բրոնզ

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Մարմնամարզության աշխարհի գավաթում, Վահագն Դավթյանը՝ բրոնզ

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր:

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14.600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Այս վարժությունում Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Փետրվարի 24–ին կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղն է գրավել, հայտնում է ԿԳՍՄ նախարարությունը։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Հաղթողի կոչմանն արժանացել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14․933 միավոր:

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---