ԱԺ-ն վավերացրել է ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրել է ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Որոշումն ընդունվեց 57 կողմ և 27 ձեռնպահ ձայներով։

Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն: Այդ մասին քննարկման ժամանակ ասել էր ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Համաձայնագրով հստակեցվում են նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման տեղաշարժի ընթացակարգերը, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

Իրավական անձեռնմխելիությունից կարող են բացառություններ լինել, եթե անօրինական գործունեության և առաքելության անդամների կողմից անօրինական բեռների տեղափոխման վերաբերյալ լուրջ կասկածներ առաջանան:

Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ դրա գործողությունը կարող է դադարեցվել կողմերի գրավոր համաձայնությամբ:

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն՝ 2 տարի ժամկետով։ Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---