Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ

Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Ըստ դրանց ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ:

Անցումային դրույթներով այն անձինք, որոնք մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու պաշտոնի հետ, կկարողանան շարունակել համատեղել պաշտոնավարումը մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ փոփոխությունների նպատակը պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առաջացումը կանխելն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հարցրել է, թե ինչպես են այդ մարդիկ ապրելու, քանի որ ավագանու անդամն իր այդ աշխատանքի համար չի վարձատրվում։

«Հիմա այդ մարդիկ ինչպե՞ս են ապրելու։ Ստացվում է, որ նրանց ուղղորդում ենք, որ գնան մասնավորի մոտ աշխատեն՝ այստեղ ավելի մեծ կոռուպցիոն ռիսկ չկա՞»,– ասել է նա։

Կարապետյանը նշել է, որ բիզնես հատվածի մասնակցությունն ավագանու գործունեությանը նույնպես օրենսդրորեն սահմանված է, շահերի բախման ռիսկերի նվազեցման և վերացման կառուցակարգերը ևս առկա են:

Նշվել է, որ գործարար շահեր ներկայացնող ավագանու անդամն անցնում է անհամատեղելիության և բարեվարքության ստուգման հատուկ գործընթացներ, ներկայացնում լրացուցիչ փաստաթղթեր, ձեռնպահ է մնում իր շահերին վերաբերելի քննարկումներին և քվեարկություններին մասնակցելուց:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---