«Փյունիկը» կորցրել է առաջին միավորները Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում

PanARMENIAN.Net - Այսօր կայացել են Հայաստանի գավաթի պատճառով հետաձգված Հայաստանի առաջնության 7-րդ փուլի խաղերը, որոնցից մեկում մայրաքաղաքի «Փյունիկն» Աշտարակում կորցրեց 7 փուլերի ընթացքում առաջին միավորները: «Փյունիկը» «Միկայի» հետ խաղի ընթացքում երկու անգամ հայտնվեց հաշիվը վերականգնող թիմի դերում: 10-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Էդնեյի ջանքերով խաղադաշտի տերերը բացեցին հաշիվը: 18-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը. պատասխան գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չեղավ: Երկրորդ խաղակեսում սցենարը կրկնվեց: «Միկան» 68-րդ րոպեին նորից առաջ անցավ շնորհիվ Կոտ դ'Իվուարի ռմբարկու Բոտի Դեմելայի: Բայց փյունիկցիներին անհրաժեշտ եղավ 10 րոպե, որպեսզի երկրորդ անգամ վերականգնեն հավասարությունը. 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջնահաշիվը -2:2:



Այսպիսով, 7-րդ փուլում Աշտարակի «Միկան» ընդհատեց Հայաստանի գործող չեմպիոնի հաղթարշավը` առաջին գնդակներն ուղարկելով չեմպիոնի դարպասին:



Մեկ այլ խաղում «Բանանցը» վստահ հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ 3:0 հաշվով: Գոլի հեղինակներն էին Նորայր Գյոզալյանը (15-րդ րոպե), Սարգիս Նասիբյանը (23) եւ Ժորա Ստեփանյանը (74):



7-րդ փուլի առաջին երկու խաղերը կայացան մայիսի 10-ին. «Արարատը» սեփական դաշտում պարտվեց «Ուլիսին» 0:1 հաշվով, իսկ «Շիրակ»-«Գանձասար» խաղն ավարտվեց ոչ ոքի:



Մրցաշարային դրությունը 7-րդ փուլից հետո.



1.Փյունիկ-19 միավոր

2. Բանանց-18

3. Միկա-14

4. Ուլիս-13

5. Շիրակ-7

6. Կիլիկիա-6

7. Գանձասար-4

8. Արարատ-0
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---