Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել «Արեւելյան գործընկերությանը»

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստան ժամանած Հունգարիայի Ազգային ժողովի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ընդլայնվում են գործարար եւ մշակութային կապերը: Զրուցակիցները հանգամանալից զրույց ծավալեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, քննարկեցին ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Եվրոպական միության հետ համագործակցության այս նոր ձեւաչափը զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին:



Կարեւորելով երկու երկրների բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը Մաթիաս Յորշն ընդգծեց, որ այցի նպատակներից է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագիրը, նշեց նաեւ, որ երկկողմ հարաբերությունների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման ենթատեքստում կարեւոր նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացումը:Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---