Վահագն Ստեփանյանը յոթերորդ տեղն է զբաղեցրել Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հինգերորդ փուլում

PanARMENIAN.Net - Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթները Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի մայիսիս 29-30-ը Մոսկվայում ընթացող հինգերորդ փուլում: Երեք հայ մարմնամարզիկներից միայն Վահագն Ստեփանյանին է հաջողվել հաջողությամբ հաղթահարել «Նժույգ» մարզաձեւում որակավորման փուլը եւ դուրս գալ եզրափակիչ, որտեղ, 14.950 ամփոփիչ գնահատականով զբաղեցրել է 7-րդ տեղը:



«Զուգափայտեր» մարզաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 21-րդ տեղը եւ եզրափակիչ դուրս չի եկել:



Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հարություն Մերդինյանը, 14.000 գնահատականով, զբաղեցրել է 15-րդ տեղը («Նժույգ») եւ դուրս է մնացել մրցումներից, քանի որ եզրափակիչ փուլ դուրս են գալիս այն մարզիկները, ովքեր որակավորման փուլում ընդգրկվել են լավագույն ութնյակի կազմում:



«Փայտաձող» եւ «ազատ վարժություններ» մարզաձեւերում կանանց մրցումներում անհաջող ելույթ է ունեցել Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Կոբալյանը` չկարողանալով հաղթահարել որակավորման փուլը:



Մրցաշարին մասնակցել են աշխարհի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ`ընդամենը շուրջ 120 մարմնամարզիկ:



Նշենք, որ Հայաստանի հավաքականն այդ նույն կազմով ելույթ էր ունեցել 2008 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկությունում: Այն ժամանակ Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին հաջողվել էր դուրս գալ եզրափակիչ փուլ եւ չորրորդ տեղը զբաղեցնել «Նժույգ» եւ «զուգափայտեր» մարզաձեւերում համապատասխանաբար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---