ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՏԱՐԱԾՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼԻԶԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐԸ ՊԱՏԿԱՆԵԼ Է ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲՈՐԸ

PanARMENIAN.Net - Հայկական «Լիզին» ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Սեւ ցուցակի» մեջ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման գործում Իրանին աջակցելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «մի հավաստի աղբյուր», երկու տարի առաջ ձեռնարկության այն ժամանակվա սեփականատեր` զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, վաճառել է սարքավորումները հարեւան երկրներից մեկին: Մասնավորապես, վաճառվել են ֆերմենտերները` չժանգոտվող պողպատից սարքված մեծ տաքարները, որոնց մեջ աճեցվում էին լիզինի արտադրության համար անհրաժեշտ մանրէների շտամմները: Այդ մանրէները երբեք չեն ընկալվել որպես զանգվածային ոչնչացման զենք: Դրանք կիրառվում էին որպես սննդի հավելումներ խոշոր եղջերավոր անասունի համար: Միեւնույն ժամանակ, աղբյուրը նշել է, որ վաճառված սարքավորումները կարող էին օգտագործվել վնասակար հիվանդություններ հարուցող մանրէների արտադրության համար: Նշենք, որ ներկայումս «Լիզին» գործարանը պատկանում է բոլորովին այլ անձի: Հայաստանի ԱԳՆ-յում ընդգծել են, որ տվյալ փաստի կապակցությամբ ակտիվ երկխոսություն է տարվում ԱՄՆ-ի վարչակազմի հետ: Հիշեցնենք, որ հայկական, մոլդավական եւ չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը ընդունվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից մայիսի 9-ին: «Սեւ ցուցակի» մեջ են հայտնվել 8 չինական, 2 մոլդավական, մեկ հայկական ընկերություններ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանի, Մոլդովայի եւ Չինաստանի կառավարությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսք անգամ չի կարող լինել:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---