Արձանագրություններում չկա ոչինչ, ինչը կհակասեր հայ ժողովրդի շահերին

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի ստորագրվել ոչ մի նոր փաստաթուղթ, իսկ այդ Արձանագրությունները պատրաստ էին դեռ ապրիլ ամսից, սակայն միայն հիմա են հրապարակվել»,- սեպտեմբերի 3-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:



Սահակյանի խոսքերով, որոշ քաղաքական ուժեր այս փաստաթղթերի մեջ փորձում են գտնել այնպիսի կետեր, որոնք իբրեւ թե հակասում են հայ ժողովրդի շահերին, «սակայն դա ժամանակի զուր կորուստ է եւ չարժե մեղադրել Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն այն բանի մեջ, ինչը նա չի գործել»: «Փաստաթղթերում չի հիշատակվում Հայոց ցեղասպանությունը եւ Ղարաբաղի խնդիրը, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը բարելավում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների»,- ընդգծեց Սահակյանը:



Գալուստ Սահակյանը նշեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Եվրախորհրդի պահանջն է, որին Հայաստանը չի հակառակվում եւ առաջարկում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: «Հայոց ցեղասպանության հարցի եւ ԼՂՀ խնդրի քննարկումը նախաձեռնված է այն ուժերի կողմից, որոնք չունեն ասելիք եւ ուղղակի ցանկանում են քաղաքական դաշտում իրարանցում ստեղծել»,- ընդգծեց Սահակյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---