Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստան առաջինը ժամանել է Իսրայելի հավաքականը, երեկոյան կժամանեն ադրբեջանցիները

PanARMENIAN.Net - Իսրայելի ձյուդոյի երիտասարդական հավաքականը այսօր ժամանել է Երեւան, որտեղ սեպտեմբերի 11-ից 13-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (մինչեւ 20 տարեկան): Իսրայելի հավաքականըառաջնությունում կներկայացնեն հինգ մարզիկներ, այդ թվում երկու աղջիկներ: Իսկ Իսրայելի պատվիրակությունը բաղկացած է ինը հոգուց:



Այսօր Երեւանի ժամանակով 21:30 Բաքու - Թբիլիսի - Երեւան չվերթով Հայաստան է ժամանելու Ադրբեջանի 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը, այդ թվում` հինգ մարզիկ:



Առաջնությունում Ադրբեջանի հավաքականը ներկայացնելու են Իլհար Մուշքիեվը (55կգ), Ռասիմ Ասադուլլաեվը (60կգ), Ֆագան Էմինողլուն (66կգ), Ռամին Գուռբանովը (81կգ) եւ Էլմար Գասիմովը (100կգ): Իսկ կգլխավորի Ադրբեջանական պատվիրակությունը անձամբ Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի եւ այդ երկրի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալեքպերովի հարազատ եղբայր Էլշադ Ալեքպերովը:



Ադրբեջանի պատվիրակությունը կհանգրվանի «Կոնգրես» հյուրանոցում` Երեւանում, հենց նույն հյուրանոցում են հանգրվանելու նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի հավաքականները:



Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն պատվիրակություններ 40 երկրներից, որոնցից ամենամեծը կլինի վրացականը` 28 հոգանոց կազմով, իսկ ամենափոքրը` ալբանականը (ընդամենը 2 հոգի):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---