Սամվել Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողն է

PanARMENIAN.Net - Իտալական Ֆերմո քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցնում էր օգոստոսի 30-ից սեպտեմբերի 10-ը եւ ներառում էր 5 տարիքային խմբերի մրցաշարեր պատանիների եւ աղջիկների համար: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 23 շախմատիստներ (15 պատանի եւ 8 աղջիկ), որոնք գրանցված էին բոլոր տարիքային խմբերի մրցաշարերում:



Սակայն ՀՀ բոլոր ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին հաջողվեց նվաճել Օլիմպը: Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը նվաճեց Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը մինչեւ 18 տարեկանների կատեգորիայում:



Տեր-Սահակյանը 7,5 միավոր հավաքեց 9 հնարավորից: Միավորների նույն քանակը հավաքեց նաեւ իսպանացի Դավիթ Գուերրան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց հայ գրոսմայստերին:



Եվս երկու հայ գրոսմայստեր Հայկ Վարդանյանն ու Դավիթ Գեւորգյանը, որոնք հանդես էին գալիս մինչեւ 18 տարեկանների տարիքային խմբում, զբաղեցրին 20-րդ եւ 39-րդ տեղերը համապատասխանաբար:



Իսկ աղջիկների թվում հայ շախմատիստուհիներից լավագույնը Սիրանուշ Ղուկասյանն էր, որը զբաղեցրեց 36-րդ տեղը մինչեւ 12 տարեկանների տարիքային խմբում:



Մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող ՀՀ միակ ներկայացուցիչ Շուշան Սարգսյանը զբաղեցրեց 39-րդ տեղը:



Մրցաշարի վերջին փուլում մինչեւ 16 տարեկանների խմբում իր շանսը բաց թողեց Վահե Բաղդասարյանը, որը Իսրայելի ներկայացուցիչ Գիլ Պոպիլսկու հանդեպ հաղթանակի դեպքում, կկրկներ Տեր-Սահակյանի արդյունքը, սակայն զիջեց ապագա չեմպիոնին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---