Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հնչակյան կուսակցությունը մեծ ներդրում ունի ՀԱԿ-ի ստեղծման գործում»

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հնչակյան կուսակցությունը մեծ ներդրում ունի ՀԱԿ-ի ստեղծման գործում»

PanARMENIAN.Net -
Հունվարի 9-ին Երեւանում տեղի ունեցած ՍԴ հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության 7-րդ համագումարում ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Տեր-Պետրոսյանի խոսքերի համաձայն, իրենց ղեկավարած ազգային շարժումն ավելի ու ավելի է ընդարձակվում, եւ խոսք լինել չի կարող այդ պայքարի անհաջողության մասին: «Մեր պայքարի մարման պատճառը կարող է լինել միայն Հայաստանի իշխանությունների հաջողությունը, սակայն վերջին երկու տարիների ընթացքում երկրի ղեկավարությունը գրանցել է միայն պարտություններ եւ անհաջողություններ», - նշել է ՀԱԿ առաջնորդը:



ՍԴՀԿ մասին խոսելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձր է գնահատել նրա ներդրումը Հայ ազգային կոնգրեսի ստեղծման եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը կազմակերպելու գործում: «Ես լավ գիտեմ Հայաստանում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ստեղծման պատմությունը եւ վստահորեն կարող եմ ասել, որ այս քաղաքական ուժը հասել է իր ճանաչման բարձրակետին վերջին երկու տարիների ընթացքում», - ավելացրել է Հայաստանի առաջին նախագահը: Նա նաեւ նշել է, որ ներկայում տարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կուսակցությունը ճիշտ դիրքորոշում ունի, քանի որ նա արդեն ասել է իր վճռական «ոչը» այդ հարցի վերաբերյալ: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ հույս է հայտնել, որ ՍԴՀԿ-ն ուժ կգտնի ներքին տարաձայնությունները լուծելու համար եւ ակտիվորեն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ:



Լեւոն Տեր-Պետրոսյան

Լեւոն Տեր-Պետրոսյան 1991-1998 թթ. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն էր: 1988 թ. փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ մայիսից անդամագրվել է Հայաստանի ղարաբաղյան շարժման «Ղարաբաղ» կոմիտեին: 1988 թ. դեկտեմբերից մինչեւ 1989 թ. մայիսը կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է: 1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման անդամ, այնուհետեւ նախագահ: 1989 թ. օգոստոսի 27-ին Լ. Տեր-Պետրոսյանը ընտրվել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1990-91 թթ. ընտրվել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ:

1991 թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ: 1996 թ. սեպտեմբերի 22-ին վերընտրվել է երկրորդ անգամ:

1998 թ. հրաժարական է տվել` Հայաստանի ղեկավար մարմինների եւ ԼՂՀ իշխանությունների հետ ղարաբաղյան հարցում անհամաձայնության պատճառով: 2008 թ. մասնակցել է Հայաստանում նախագահական ընտրություններին եւ պարտվել է` մրցակցելով Սերժ Սարգսյանի հետ: Հիմնադիրն է Հայ ազգային կոնգրեսի` Հայաստանի քաղաքական դաշտում գլխավոր ընդդիմադիր ուժի ստեղծման:

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (հնչակ- հայերեն` զանգ), հայկական ավանդական քաղաքական կուսակցություններից մեկն է: Հիմնադրվել է 1887 թ. Ժնեւի համալսարանի ուսանողներ Ա. եւ Մ. Նազարբեկյանի, Ռ. Խանազատյանի, Գ. Կաֆյանի եւ այլոց նախաձեռնությամբ, որոնք հրատարակում էին «Հնչակ» հեղափոխական թերթը: Կուսակցությունը դարձավ առաջին սոցիալիստական կուսակցությունը, որ գործում էր Օսմանյան Թուրքիայի եւ Պարսկաստանի տարածքում:

1888թ. հրապարակված ծրագրում կուսակցության մոտակա նպատակն էր համաժողովրդական ապստամբության միջոցով Արեւմտյան Հայաստանի ազատագրումը, որին պետք է հետեւեր սոցիալիստական կարգերի հաստատումը: Հնչակյանները մարքսիզմի քարոզիչներ էին, առաջին անգամ հայկական իրականության մեջ Ֆ. Էնգելսի թույլտվությամբ հրատարակում են «Կոմունիստական մանիֆեստի» հայերեն թարգմանությունը: Հնչակյանների հայտնի գործողություններից էր 1904 թ. ՀՅԴ հետ համատեղ իրականացրած Բաքվի ապստամբությունը:

Կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին, կազմակերպել է հանրահավաքներ Գում-Գաբուում (1890 թ.) եւ Բաբի Ալիում (1895), Զեյթունի, Սասունի եւ այլ ազատագրական ապստամբությունները: Կուսակցության անդամներն են եղել Մեծն Մուրադը, Ժիրայրը, Հրայրը, Քրիստափոր Օհանյանը, Մուրադ Սեբաստացին (վերջինս հարել է դաշնակներին) եւ այլք:

1915 թ. կուսակցության 20 առաջնորդներ Ստամբուլում կախաղան են բարձրացվել:

Կուսակցությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում, նրա անդամները մարտնչել են Սարդարապատի ճակատամարտում: Խորհրդային իշխանության հաղթանակից հետո ԽՍՀ Հայաստանի տարածքում հնչակները հայտարարել են ինքնալուծարման մասին: Սակայն մի շարք երկրներում կուսակցությունը շարունակել է գործել, մասնավորապես մասնակցել է Լիբանանում 1970-80 թթ. հայկական համայնքի ինքնապաշտպանությանը:

1990-ականներին հնչակները մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը եւ ստեղծել են «Մեծն Մուրադ» ջոկատը: Ներկայում կուսակցությունն ունի շրջանակներ ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, Հայաստանում, Եգիպտոսում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կանադայում, Ավստրալիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ այլուր: Կուսակցությունը հրատարակում է «Արարատ» (Լիբանանում), «Նոր սերունդ» (Հայաստանում), «Ջահակիր» (Եգիպտոսում), «Մասիս» (ԱՄՆ-ում), «Զանգ» (Ավստրալիայում) եւ այլ թերթեր, Կանադայում եթեր է հեռարձակվում հայկական հեռուստաժամ, իսկ Ավստրալիայում ստեղծել է հայկական ռադիոծրագիր:

Կուսակցությունն աչքի է ընկել նաեւ հայկական հարցի արդար լուծման եւ հայերին պատմական հայրենիք վերադարձնելու համար պայքարով:

Հայաստանում ՍԴՀԿ-ն ընդդիմության կազմում է հանդես գալիս: Լիբանանում կուսակցության անդամ Եղիա Ջերեջյանը երկրի խորհրդարանի պատգամավոր է: Կուսակցության կազմի մեջ են մտնում` AEBU կազմակերպությունը, որն աջակցություն է ցուցաբերում հայկական դպրոցներին, առողջապահական եւ սոցիալական հիմնարկություններ, երիտասարդական «Տխրունի» միությունը, սպորտային Homenmen ակումբը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---