Հայ շախմատիստները հաղթանակ են տարել ԱՄՆ հավաքականի նկատմամբ

PanARMENIAN.Net -
Թուրքիայի Բուրսա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի թիմային առաջնության շրջանակներում հայ շախմատիստները հանդիպել են առաջնության առաջատրի` ԱՄՆ-ի հավաքականի հետ եւ հաղթել են 2,5-1,5 հաշվով: Բոլոր պարտաիներն ավարտվել են ոչ ոքի, բացառությամբ մեկի` ՀՀ հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին հաջողվել է հաղթել Խիկար Նակամուրուին (1-0):



Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Օնիշչուկի հետ, իսկ Արման Փաշիկյանը` Յուրի Շուլմանի հետ: Հիվանդության պատճառով ելույթ չունեցավ Գաբրիել Սարգսյանը, որին փոխարինեց Տիգրան Պետրոսյանը: 4-րդ խաղատախտակի վրա նա հանդիպել է ԱՄՆ թիմի անդամ Վարուժան Հակոբյանի հետ, նրանց պարտիան եւս ոչ ոքի ավարտվեց:



8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 (17,5) միավորով հինգերորդ տեղն է զբաղեցնում աղյուսակում: Եգիպտոսի հավաքականի հանդեպ հաղթանակի շնորհիվ (3,5-1,5) ՌԴ հավաքականը դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատարը 13 (21) միավորով: Երկրորդ տեղում է ԱՄՆ հավաքականը, որն ունի 12 (19,5) միավոր:



Վերջին 9-րդ փուլը տեղի կունենա հունվարի 13-ին: Հայ գրոսմայստերները կհանդիպեն Եգիպտոսի հավաքականի հետ, որը աղյուսակում նախավերջին` 9-րդ տեղում է: ԱՄՆ հավաքականը կհանդիպի Ադրբեջանի հավաքականի հետ, իսկ Ռուսաստանը` Իսրայելի:



Աշխարհի թիմային առաջնություն

ՖԻԴԵ-ն շախմատի Աշխարհի թիմային առաջնությունն անցկացնում է 1985-ից: Դրան մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են շախմատային օլիմպիադաների եւ թիմային մայրցամաքային առաջնությունների արդյունքներով: Առաջնությունն ընթանում է շրջանային համակարգով: Առաջին մրցաշարի ժամանակ հանդիպումներն ընթացան 6 տախտակներով, իսկ հաջորդիվ` 4 տախտակներով: Առաջին չորս առաջնությունների անցկացման վայր ընտրվեց շվեյցարական Լյուցերն քաղաքը, հետագայում որոշվեց մրցություններն անցկացնել զանազան քաղաքներում: 2001-ին առաջնությունը կայացավ Երեւանում: Հայաստանի ազգային հավաքականը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին բրոնզե մեդալակիր է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---