Հայ-թուրքական Արձանագրությունների շուտափույթ վավերացումը բխում է Հայաստանի շահերից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ կողմից Արձանագրությունները թուրքական խորհրդարանից առաջ շուտափույթ վավերացնելը Հայաստանի շահերից է բխում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:



Գրիգորյանի խոսքով, հայկական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը ներկա պահին աշխատում է ի վնաս Հայաստանի շահերի: «Քանի որ այն ուժերը, որոնք չեն ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ դրանք կապում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, լրացուցիչ ժամանակ են ստանում իրենց ծրագրերի իրականացման համար»,- նկատեց փորձագետը:



Նա ավելացրեց նաեւ, որ վերոհիշյալ խնդրի լուծման լավագույն մեթոդն այդ փաստաթղթերի շուտափույթ վավերացումն է ՀՀ օրենսդրական մարմնի կողմից: «Դրանով իսկ Հայաստանն իր կողմից կկատարի Արձանագրությունների ստորագրմամբ ստանձնած պարտավորությունները եւ այլ ուժերին թույլ չի տա այդ փաստաթղթերի վավերացումը կապել ղարաբաղյան հիմնահարցի հետ»,- նշեց Գրիգորյանը:



Ողջունելով Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական Դատարանի եզրակացությունը` փորձագետը նշեց, որ այսուհետ արդեն իրավական մակարդակով նշված են այն շրջանակները, որոնցից չեն կարող դուրս գալ Հայաստանի պաշտոնական անձինք Թուրքիայի հետ հարաբերություններում:



Նա նշեց նաեւ, որ Թուրքիան իր հերթին նույնպես շահագրգռված է սահմանի բացման հարցում, սակայն Արձանագրությունների վավերացման ձգձգմամբ ցանկանում է գործընթացից ավելին ստանալ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---