Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին կընդլայնի հակամարտության լուծման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ առաջին անգամ արձանագրվեց ազգի ինքնորոշմանիրավունքըեւ այդ հայտարարության տակ կա նաեւ Ադրբեջանի անունը: Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ: «Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջանը անկախ պետություն չէր, խորհրդային Ադրբեջան էր: Աթենքում առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների Խորհուրդն ամրագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Էդվարդ Նալբանդյանը գտնում է, որ 2009 թվականի գլխավոր ձեռքբերումը բանակցային գործընթացում նշմարված դինամիկան է, բայց դա բավական չէ ճեղքման համար: ՀՀ ԱԳ նախարարը կրկին հաստատեց, որ առանց բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության կարգավորման: «Որքան շուտ Ղարաբաղը միանա բանակցային գործընթացին, այնքան շատ կընդլայնվեն հակամարտության լուծման հնարավորությունները, եւ չկա միջնորդների հետ մի հանդիպում, որի ժամանակ Երեւանը չի բարձրացրել այդ հարցը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:



Ինչպես ասվում է Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարության մեջ, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կողմերին կոչ են անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում են նրանց հանձնառությանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: «Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»,-ընդգծվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---