Թուրքիան ու Հայաստանը խաղադրույքներ են անում Արձանագրությունների շուրջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Հայաստանի դարավոր թշնամանքը հաղթահարելու ջանքերը բախվեցին նոր խոչընդոտի: Ինչպես գրում է Financial Time-ը, Անկարան բողոք է հայտնել Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունների գծով ՀՀ ՍԴ որոշման դեմ:



Financial Time-ը հիշեցնում է, որ հիմնական փորձաքարը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից Հայաստանի հրաժարվելու հարցը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:



Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:



Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---