Թուրքիան Հայաստանին է վերագրում իր իսկ առաջադրած նախապայմանները

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ Անկարան մեկնաբանում է ՀՀ ՍԴ որոշումն Արձանագրությունների վերաբերյալ, ապացուցում է, որ Թուրքիան փորձում է Հայաստանին վերագրել իր իսկ առաջադրած նախապայմանները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավար Կիրո Մանոյանը:



«Այդպիսով, Թուրքիան փորձում է խուսափել իր պարտականությունների կատարումից եւ Հայաստանին մեղադրել նրանում, որ նա հավատարիմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, ներքաղաքական խնդիրների պատճառով Անկարան մտադիր չէ վավերացնել Արձանագրությունները մինչ ապրիլի 24-ը եւ այժմ, մեղադրելով Հայաստանին երկխոսության ձախողման համար, կրկին փորձում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ԱՄՆ-ում:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Կ.Մանոյանն ասել է, որ ՀՀ ՍԴ որոշումը եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը նոր գործընթացների կարող են հանգեցնել հայ-թուրքական հաշտեցման շուրջ: «Ես չեմ բացառում, որ առաջիկա 2 օրերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կամ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց ունենա ՀՀ նախագահի հետ` հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ որոշակի երաշխիքներ ստանալու համար»,-ասել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը:



Կիրո Մանոյանը չի բացառել, որ մարտ-ապրիլին թուրքական կողմը որոշ քայլեր կձեռնարկի Արձանագրությունների վավերացման ուղղությամբ, սակայն դա չպետք է մոլորեցնի հայկական կողմին: «Եթե մինչ ապրիլ Թուրքիան ձգձգի Արձանագրությունների վավերացումը, Հայաստանը պետք է հայտարարի, որ դուրս է գալիս բանակցություններից»,-ասել է Մանոյանը:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին:



Հայ դատը հայերի քաղաքական պատմության, ազգային-ազատագրական շարժման բոլոր խնդիրների ամբողջականությունն է, որոնք սկիզբ են առել XIX դարի երկրորդ կեսից, եւ նպատակ ունի վերականգնել անկախ հայկական պետականությունն իր պատմական հայրենիքում եւ ամբողջ աշխարհի հայերի միավորումը:



Հայ դատն ունի հետեւյալ ասպեկտները` քաղաքական, տարածքային, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական, ազգագրական, իրավաբանական, գիտական, պատմամշակութաբանական, բարոյահոգեբանական:



Հայ դատի ամենահայտնի բաղադրիչն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից:



Հայ դատի բաժանմունքներ կան աշխարհի բոլոր հայկական համայնքներում: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավարն է Կիրո Մանոյանը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:



Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:



Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---