Արծվիկ Մինասյան. Կարեւորը, որ Թուրքիայի հիստերիան չազդի Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - Եթե Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո թուրքական կողմից բարձրացրած աղմուկն անսպասելի չէր, քանի որ թուրքական իշխանությունները չէին կարծում, թե Հայաստանը կփորձի պաշտպանել իր շահերը, ապա ինձ համար բավական տարօրինակ է որոշ քաղաքական գործիչների մոտեցումը, ովքեր փորձում են նվաստացնել ՀՀ ՍԴ որոշման ուժը: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, դրանով նրանք փորձում են Թուրքիային համոզել, որ ՀՀ ՍԴ որոշումն ընդամենը ներքին ուժ ունի եւ ոչ մի կերպ չի կարող ազդել միջազգային հարաբերությունների վրա:



Ընդ որում, նա նկատեց, որ ՀՀ ՍԴ-ն ընդամենը իրավական գնահատական է տվել այն փաստին, որ բանակցություններն առանց նախապայմանների են ընթանում: «Եթե Հայաստանն իսկապես առանց նախապայմանների է վարել բանակցությունները Թուրքիայի հետ, ապա տարօրինակ կլինի, եթե Հայաստանի խորհրդարանը Արձանագրությունները վավերացնելիս համապատասխան վերապահումներ չկատարի»,- ասաց Արծվիկ Մինասյանը` ավելացնելով, որ եթե բանակցային գործընթացում ի սկզբանե նախապայմաններ չեն եղել, ապա Հայաստանը չպետք է վախենա իր դիրքորոշումը պաշտպանելուց:



Մինասյանը նշեց նաեւ, որ չի կարծում, թե 2010 թվականի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացում առաջընթաց կարձանագրվի: «Կարեւորը, որ Թուրքիայի հիստերիան չազդի Հայաստանի վրա»,- ասաց Մինասյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:



1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:



Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---