Թուրք առաջնորդները դեմագոգիայով են զբաղվում

Թուրք առաջնորդները դեմագոգիայով են զբաղվում

PanARMENIAN.Net -
«2009 թվականի հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով ուղարկեց օրինագծի տեսքով, որի տակ Թուրքիայի վարչապետի ստորագրությունն էր դրված: Այդ օրինագծում ասվում էր, որ այդ Արձանագրություններով հաստատվում է Կարսի պայմանագիրը, կողմերը որոշել են քննարկել վիճելի պատմական հարցերը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիայի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան, իբր, Արձանագրությունները խորհրդարան է ուղարկել առանց որեւէ փոփոխություններ կատարելու, իրականությանը չեն համապատասխանում:



«Երբ թուրքական կողմը հայտարարում է, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է դրույթներ, որոնք համահունչ չեն Արձանագրությունների ոգուն եւ տառին, հայկական կողմը պետք է Թուրքիային հիշեցնի, որ հենց նրա քայլերն են հակասում Արձանագրություններին: Թուրք առաջնորդներն իրենց հայտարարություններում տարրական սուտ են տարածում: Դա ակնհայտ դեմագոգիա է»,- հայտնեց Ռուբեն Մելքոնյանը` ավելացնելով, որ նման քաղաքականությամբ Թուրքիան ձգձգում է Արձանագրությունների վավերացումն ու գործընթացը փակուղի տանում:



Պատասխանելով Անկարային գրավոր երաշխիքներ տրամադրելու` նրա պահանջի վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` թուրքագետն ընդգծեց, որ Երեւանի գրավոր երաշխիքն իր ստորագրությունն է Արձանագրությունների ներքո:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---