Թեհրանը երկընտրանքի առջեւ է կանգնած ղարաբաղյան կարգավորման հարցում

Թեհրանը երկընտրանքի առջեւ է կանգնած ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net -
Միամտություն կլինի համարել, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա 2 տարիների ընթացքում կլուծվի այն ձեւաչափով, որի շրջանակներում այսօր ընթանում են բանակցությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «Ղարաբաղյան հիմնախնդիրն այն խնդիրներից չէ, որն արագ եւ կտրուկ լուծում ունի: Նման խնդիրները փակուղային են: Դա նշանակում է, որ հակամարտության կողմերից ոչ մեկը մյուսի ցանկությունը չի կատարի»,- ասաց Հայկ Դեմոյանը:



Նրա խոսքով, Ադրբեջանի դեպքում իրադրությունը լուրջ կերպով հարցականի տակ է դնում հակամարտության լուծման եւ հարաբերությունների հաստատման սցենարի յուրաքանչյուր տարբերակ. Բաքուն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: «Բաքուն երբեք չի դադարի ձգտել, որպեսզի Ղարաբաղն Ադրբեջանի մի մասը դառնա: Հայկական կողմը դրան երբեք չի համաձայնի»,- ընդգծեց պատմաբանը:



Դրանից ելնելով` Հայկ Դեմոյանը իրադարձությունների զարգացման հավանական տարբերակ է համարում պատերազմը: Բայց միեւնույն ժամանակ թանգարանի տնօրենն ընդգծեց, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, թե ինչ կարող են կորցնել այդ դեպքում: «Ադրբեջանին շատ լավ բացատրեցին եւ շարունակում են բացատրել, թե ինքը ինչ կարող է կորցնել տարածաշրջանում ուժերի հավասարման դեպքում: Տարածաշրջանում ռազմական գործողությունները կարճատեւ կլինեն: Դա ցույց տվեց 2008 թվականին օգոստոսյան պատերազմը Վրաստանում: Տարածաշրջանում կայունության ապահովման գործում շահագրգռված գերտերություններից ոչ մեկը թույլ չի տա երկարատեւ ռազմական գործողություններ ծավալել»,- հայտնեց պատմաբանը:



Նա ավելացրեց, որ հրադադարի ռեժիմի խախտումը տարածաշրջանային նշանակություն կունենա, եւ, հետեւաբար, Ադրբեջանի ԶՈՒ շանս չունեն լուրջ ռազմական գրոհ արձանագրել 4-5 օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում:



Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Իրանի դրքորոշման մասին` Հայկ Դեմոյանը հայտնեց, որ պաշտոնական Թեհրանը լուրջ երկընտրանքի առջեւ է կանգնած: «Լեռնային Ղարաբաղը սահմանակցում է Իրանի հետ: Այսօր Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ական ուժերի ակտիվություն է նկատվում: Նման պայմաններում Իրանը որոշակի կերպով կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ եւ փորձում կանխել երկրի մեկուսացումը»,- նշեց պատմաբանը` ավելացնելով, որ նման իրադրության մեջ ղարաբաղյան կարգավորման հարցը վերաբերում է նաեւ Իրանի անվտանգությանը:



Այս ենթատեքստում Հայկ Դեմոյանը հայտնեց, որ այդ հարցում Իրանի ակտիվությունը միայն արդարացված է: Նրա խոսքով, հաշվի առնելով այս ամենը, հայ-իրանական հարաբերությունները պետք է Երեւանի համար կայուն ուղղություն լինեն:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Զինված հակամարտությունը Հարավային Օսեթիայում սկիզբ առավ 2008թ. օգոստոսին մի կողմից Վրաստանի, մյուս կողմից` Ռուսաստանի եւ չճանաչված Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ:



2008թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին գնդակոծել Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալը եւ մերձակա շրջանները: Մի քանի ժամ անց հետեւեց հարձակումը քաղաքի վրա վրացական զրահատեխնիկայի եւ հետեւակի կողմից: Հարձակման համար պաշտոնական առիթ հանդիսացավ, ըստ վրացական կողմի հայտարարությունների, հրադադարի ռեժիմի խախտումը Հարավային Օսեթիայի կողմից, որն, իր հերթին, պնդում է, որ առաջինը կրակ բացեց Վրաստանը:



2008թ. օգոստոսի 8-ին Հարավային Օսեթիայի կողմից հակամարտությանը պաշտոնապես միացավ Ռուսաստանը` վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում, իսկ 2008թ. օգոստոսի 9-ին` միացավ նաեւ Աբխազիան, Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջեւ ռազմական օգնության մասին համաձայնագրի շրջանակներում: 2008թ. օգոստոսի 12-ին ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց վրացական կողմին խաղաղության պարտադրման օպերացիայի ավարտի մասին: 2008 թվականի օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց Քոդորի կիրճից վրաց զորքերին դուրս մղելու գործողության ավարտի մասին, որից հետո ակտիվ ռազմական գործողություններն ավարտվեցին:



2008թ. օգոստոսի 14-16-ը զինված գործողությունների մասնակից պետությունների ղեկավարները ստորագրեցին հարավ-օսական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը (Մեդվեդեւ-Սարկոզիի պլանը): Վրաստանը հակամարտությունը սպառված չի համարում` բացատրելով դա ՌԴ-ի կողմից պայմանավորվածությունների խախտմամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---