ՀՅԴ կոմիտեները մտադիր են հասնել Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսում

ՀՅԴ կոմիտեները մտադիր են հասնել Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չի կարող սակարկության առարկա լինել: Այդ փաստի ճանաչումը աշխարհի բոլոր երկրների բարոյական պարտականությունն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը, հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ Արմեն Ռուստամյանը: Միեւնույն ժամանակ պատգամավորն արձանագրում է, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների առկայությունը ակնհայտորեն խոչընդոտում է Հայոց ցեղասպանության մասին միջազգային ճանաչմանը: «Սակայն թող Թուրքիան հույս չունենա, թե կարող է խոչընդոտել մեր արդար պայքարին: ՀՅԴ բոլոր կառույցները նոր խթան ստացան շարունակելու աշխատանքը մինչեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ամբոջական ընդունումը»,-ասել է Ա.Ռուստամյանը: Նա հավելել է, որ թիվ 252 բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կողմից կարեւոր հաղթանակ է, բայց ոչ վերջնական, եւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ուժերը` Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման համար:

Ինչ վերաբերում է Արձանագրությունների հետագա ճակատագրին, Ա.Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վավերացնի դրանք միայն վերապահումներով: Դա, ըստ պատգամավորի, չի հակասի այն պարտավորություններին, որ Հայաստանը ստանձնել է միջազգային համաձայնագրերով:

Մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության մասին` Ա.Ռուստամյանը հայտարարել է, որ Թուրքիան, որն անցել է նախապայմանների առաջադրումից բացահայտ սպառնալիքների ու շանտաժի, այսօր ավելացնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն ակտիվորեն աշխատում է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ` հասնելու համար Հայոց ցեղասպանության ճանաչմանը Շվեդիայի խորհրդարանի կողմից: Քվեարկությունը Շվեդիայի խորհրդարանում կանցնի մարտի 11-ին:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը կուղղվի Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար:

Նմանատիպ քվեարկություն նախատեսված է նաեւ ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---