Քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, նա շարունակում է մնալ ցեղասպան պետություն

Քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, նա շարունակում է մնալ ցեղասպան պետություն

PanARMENIAN.Net - Քանի դեռ Թուրքիան չի վերանայել իր սկզբունքային քաղաքականությունը Ցեղասպանության հարցում, ոչ մի հանդիպում արդյունավետ չի լինի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, մեկնաբանելով Սարգսյան-Օբամա-էրդողան առաջիկա հանդիպումը Վաշինգտոնում: Ըստ նրա, քանի դեռ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, նա շարունակում է մնալ ցեղասպան պետություն: Ընդ որում հայ փորձագետը բարձր է գնահատել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավանդը, որն ընդգրկեց Ցեղասպանության հարցը երկրի արտաքին քաղաքականության օրակարգում, քանի որ հակառակ դեպքում այդքան պարզ չէր բացահայտվի, որ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան պետությունը: “Եթե մենք չարծարծեինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ապա վաղ թե ուշ դա կաներ միջազգային հանրությունը”,-ասել է Մանասյանը:

Իր հերթին Ստեփան Գրիգորյանն ասել է, որ ԱՄՆ կատարելիք այցի շեմին Հայաստանի նախագահը պետք է մի շարք քայլեր ձեռնարկի: “Առաջինը, Հայաստանը պետք է հայտարարի, որ միանում է Ղազախստանի նախագահի նախաձեռնությանը, այն է, որ միջուկային ծրագրի հարցում բոլոր երկրները պետք է հավասար համարվեն, բոլոր երկրներն իրավունք ունեն միջուկային ծրագրեր մշակել եւ, վերջապես, որ բոլոր երկրները պետք է համընդհանուր պայմանագիր կնքեն, որը կարգելի միջուկային զենքի փորձարկումը: Երկրորդը, Ս.Սարգսյանը Վաշինգտոն այցից առաջ պետք է վավերացնի արձանագրությունները, դրանով իսկ ծանր վիճակի մեջ դնելով Թուրքիային”,-ասել է Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ Թուրքիայի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ երկրից կարող են արտաքսվել շուրջ 100 հազար ապօրինի ներգաղթած հայեր, արվել են հենց այն նպատակով, որ Հայաստանը չվավերացնի արձանագրությունները: Ընդ որում, փորձագետն ասել է, որ Հայաստանը նաեւ պետք է հայտարարի, որ պատրաստ է ստորագրել հին Մադրիդյան սկզբունքները: Ըստ նրա, նոր սկզբունքները չեն համապատասխանում Երեւանի շահերին: Գրիգորյանն ասել է նաեւ, որ չի համարում, թե հայ-թուրքական գործընթացը ձախողվել է: “Ես վստահ եմ, որ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, նա ձգձգում է գործընթացը ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից առավելագույնը ստանալու նպատակով”,-ասել է Ստեփան Գրիգորյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---