ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված կոչերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը քվեարկության դնելու մասին ապրիլի 21-ին Կապիտոլիումի բլուրում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերի ամենամյա հանդիպման հիմնական թեման էին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա հիշատակը կազմակերպվել էր Կոնգրեսի Հայաստանի Աջակցության խմբի կողմից Ամերիկայի հայկական կազմակերպությունների օգնությամբ և անցկացվել է Խմբի համանախագահներ Ֆրենք Պալոունի և Մարկ Քըրքի կողմից: Հանդիպմանը ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտ Ավետիսյանը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Կոնգրեսականները դատապարտել են Թուրքիայի քաղաքականությունը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ ուղղված ջանքերը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագով է, ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումը և կոչ արել իր գործընկերներին կանգ չառնել, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իր կողմից Սթենի Հոյերը կոչ է արել բոլոր ամերիկացիներին չդառնալ Ցեղասպանության համր վկաներ: Կոնգրեսական Հովարդ Բերմանը նշել է, որ Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը հակազդելը բոլոր ամերիկացիների բարոյական պարտականությունն է: 252 բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը նշել է, որ մտադիր է ապահովել Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ԱՄՆ կառավարության, ինչպես նաև Թուրքիայի կողմից:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---