Չի կարելի խտրականություն դնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների եւ դրույթների միջև

Չի կարելի խտրականություն դնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների եւ դրույթների միջև

PanARMENIAN.Net - Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, ինչպես միշտ, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը: «Եռանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը հայտարարություն արեցին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ինչի մասին է այս հայտարարությունը: Նախեւառաջ հղում է կատարվում 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, հղում է կատարվում երեք սկզբունքներին, որի հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, հայտնի սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: Հղում է կատարվում Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հայտարարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը»,-ասել է ԱԳ նախարարը:

Ըստ նրա, կարեւոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին: Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: «Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են այո մեկին, պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա, այս սկզբունքների հիման վրա, բայց երբ որ վերադարձվեն տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ եւ դա են շահարկում: Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նախարարի, հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար:

«Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը գնում, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---