«Միկան» ոչ ոքի խաղաց «Ռաբոտնիչկի» թիմի հետ և չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ

«Միկան» ոչ ոքի խաղաց «Ռաբոտնիչկի» թիմի հետ և չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Միկան» իր մարզադաշտում ընդունեց Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի» թիմին: Առաջին խաղում երևանյան ակումբը զիջեց մրցակցին 1:0 հաշվով: Հաջորդ փուլ անցնելու համար Երևանում Արմեն Ադամյանի սաները պետք է երկու գոլ խփեին և ոչ մի գոլ բաց չթողնեին:

Ողջ խաղի ընթացքում «Միկայի» ֆուտբոլիստները տարածքային առավելություն ունեին և ավելի շատ էին հարձակվում, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել: Գոլ խփելու շանս ունեին Նարեկ Բեգլարյանը, Բոտի Դեմելը, որը փոխարինեց Մինդաուգաս Գրիգալևիչյուսին, կիսապաշտպաններ Արմեն Պետրոսյանն ու Ժունիոր Էդնիլսոնը: Եղան նաև վիճելի պահեր, երբ խաղի մրցավար Ռադեկ Պրիխոդան 11-մետրանոց չնշանակեց «Ռաբոտնիչկի» թիմի դարպասների մոտ: Մինչև վերջին պահը «Միկան» փորձում էր բացել հաշիվը, նույնիսկ դարպասապահ Սաուլիուս Կլեվինսկասը միացավ հարձակումներին, որի արդյունքում «Միկայի» անպաշտպան դարպասները բաց էին գոլի համար, սակայն մակեդոնացիները վրիպեցին: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով, և երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ դուրս եկավ «Ռաբոտնիչկի» թիմը, որտեղ նրանց մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը»:

Մամլո ասուլիսում «Ռաբոտնիչկի» դարպասապահների մարզիչ Գոկո Տասևսկին շնորհակալություն հայտնեց «Միկային» և հայ երկրպագուներին հյուրընկալության համար: «Առաջին խաղում մենք կորցրեցինք հիմնական կազմի 4 խաղացողի, և այստեղ խաղում էինք ոչ ուժեղ կազմով: Այսօր բոլորից լավ խաղաց մեր դարպասապահ Մարտին Բոգատինովը»,-ասել է Տասևսկին` հավելելով, որ «Ռաբոտնիչկիի» երկրորդ դարպասապահ Տիգրան Կանդիկյանը լավ դարպասապահ է և կարող է լավ արդյունքի հասնել:

«Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ասել է, որ նրանց պարտության համար մեղավոր է նա ինքը: «Ափսոս, որ ունենալով այդքան գոլային պահեր, մենք ոչ մի գոլ չխփեցինք, այդպիսին է ֆուտբոլը, և եթե դու չես խփում, երբեք չես կարողանա հաղթել: Այսօրվա խաղը ոչ մի արդարացում չունի»,-ասել է Ադամյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---