Ադրբեջանում ավանդույթ է դարձել դիվերսանտներին հերոսի կոչում շնորհելը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հունիսի 18-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի վրա հարձակում գործած դիվերսիոն խմբի զոհված ադրբեջանցի զինվորին հերոսի կոչման շնորհումը ներքին օգտագործման համար է: Ադրբեջանում յուրօրինակ ավանդույթ է դարձել դիվերսանտներին հերոսի կոչում շնորհելը, քանի որ բավական է հիշել, թե ինչպես էր Ադրբեջանը պաշտպանում իր զինվորին, որը կացնահարել էր քնած սպա Գուրգեն Մարգարյանին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Շահգելդյանի խոսքով, կարևոր է այն, որ միջազգային հանրությունը դատապարտել է ԼՂՀ դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման ակտը, իսկ թե ինչ է անում ադրբեջանական կողմը, արդեն իր ներքին գործն է:

Նա նշել է նաև, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, և հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: «Ինչպես հայկական կողմը, այնպես էլ միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել են ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները: Մենք հակված ենք ղարաբաղյան հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծել»,- ասել է նա:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խումբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատված: ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

2004 թվականի փետրվարի 19-ի առավոտյան Բուդապեշտում ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը գազանաբար սպանել է հայկական բանակի սպա, 26-ամյա Գուրգեն Մարգարյանին, որն այդ ժամանակ քնած էր: Երկուսն էլ Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից էին: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի վճռով Ռամիլ Սաֆարովը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտվեց ցմահ բանտարկության: 2007 թվականի փետրվարի 22-ին Բուդապեշտի քաղաքային բողոքարկման դատարանը, վերանայելով գործը, ուժի մեջ թողեց վճիռը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---