Սեպտեմբերի 16-ին Հայաստանի կանանց հավաքականը կմեկնի Անթալիա մասնակցելու ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի կանանց հավաքականը կմեկնի Անթալիա մասնակցելու ծանրամարտի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ից 26-ը Անթալիայում կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու: Մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կխաղարկվեն:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասել է, որ Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականն ուսումնամարզական հավաքներ է անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում, վերջին հավաքը տեղի է ունեցել Գյումրիում: «Փառք Աստծո, մեր աղջիկները վնասվածքներ չունեն և պատրաստ են առաջնությանը: Արդեն սեպտեմբերի 16-ին մենք Անթալիա կմեկնենք»,- ասել է Ներսիսյանը:

Մարզիչը գտնում է, որ իր սաների համար գլխավորը Օլիմպիական խաղերի ուղեգրեր շահելն է և, իհարկե, որքան հնարավոր է շատ մեդալ նվաճելը:

Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն ծանրամարտիկներ Էլեն Գրիգորյանը (58 կգ ք/կ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ ք/կ):

«Գրիգորյանի ու Պետրոսյանի համար աշխարհի առաջնությունն առաջին խոշոր միջազգային մրցաշարն է, և նրանք կաշխատեն լավագույնս դրսևորել իրենց»,- ավելացրել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ 6 հավաք է անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում` յուրաքանչյուրը 15 օր տևողությամբ: «Մենք Թուրքիա կմեկնենք սեպտեմբերի 20-ին: Ամենակարևորն այն է, որ մեր մարզիկները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն: Քանի որ առաջնությունը վարկանիշային է, ծանրամարտիկները կջանան ապահովել մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերին»,- ասել է Պողոսյանը:

Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գևորգ Դավթյանը (երկուսն էլ 77 կգ ք/կ), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը (երկուսն էլ 85 կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (94 կգ ք/կ) և Արթուր Բաբայանը (105 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---